Գարիկ Մարտիրոսյանը` «Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր և թե ինչպես է Հայաստանի դրոշը ծածանվում (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» («Вечерний Ургант») հեռուստաշոուին, որի ընթացքում Մարտիրոսյանը սուր հումորով փայլելուց զատ՝ առիթը բաց չի թողել խոսելու Հայաստանի և հայերի մասին:

Աստղը նշել է, որ ինքն ու հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում են Հայաստանը:

«Ուզում եմ ասել, որ ես որևէ հատուկ բան չեմ անում Հայաստանը գովազդելու համար: Բայց հուսով եմ, որ մենք մեր արածով օգնում ենք, որպեսզի ուշադրությունը, բառի լավ իմաստով, գամվի հայերի, Հայաստանի ուղղությամբ»,-նշել է հումորիստը:

Այնուհետև հաղորդավար Իվան Ուրգանտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբում խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին: Մարտիրոսյանը նշել է, որ Մխիթարյանն իրավամբ հայ ազգի պարծանքն է, որին իրենք բոլորը ցանկանում են հավասարվել:

Հաղորդման կուլմինացիոն պահը եղել է ամենավերջում, երբ Ուրգանտը Մարտիրոսյանին է տվել հայկական եռագույնն ու նրան «չեմպիոն» անվանել: Այնուհետև Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ծածանել են Հայաստանի դրոշը: