Ժան Ժակ Ռուսո [Jean-Jacques Rousseau]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝  փիլիսոփա, գրող Ծննդյան ամսաթիվը՝ 28 հունիսի 1712 թ. Մահվան ամսաթիվը՝2 հուլիսի 1778թ. Ծննդյան վայրը՝ Ժնև, Շվեյցարիա Ամբողջական անունը՝ Jean-Jacques Rousseau

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ փիլիսոփա, գրող
Ծննդյան ամսաթիվը՝ 28 հունիսի 1712 թ.
Մահվան ամսաթիվը՝2 հուլիսի 1778թ.
Ծննդյան վայրը՝ Ժնև, Շվեյցարիա
Ամբողջական անունը՝ Jean-Jacques Rousseau

Ռուսո Ժան Ժակ (1712թ. հունիսի 28, Ժնև – 1778թ. հուլիսի 2, Էրմենոնվիլ, Փարիզի մոտ), Լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող։ Նրա հասարակական և քաղաքա-իրավական հայացքները շարադրված են «Դատողություններ. նպաստել է արդյո՞ք գիտությունների և արվեստների վերածնունդը բարքերը մաքրելու վրա» (1750), «Դատողություններ մարդկանց միջև անհավասարության ծագման և հիմքերի մասին» (1754), «Քաղաքական տնտեսման մասին» (1755), «Դատողություններ հավերժական աշխարհի մասին» (առաջին անգամ հրատարակվել է մահվանից հետո, 1782 թվականին), «Հասարակական պայմանագրի մասին, կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» (1762) և այլ երկերում։ Ռուսոն նաև երաժշտագետ, երգահան և բուսաբան էր։

Կյանքը

Պետության առաջացման պատճառների և դրան նպաստող կառուցակարգերի հիմնախնդիրը միշտ ակտուալ է եղել համաշխարհային պատմության ընթացքում: Թե’ քաղաքական, թե’ տնտեսական ճգնաժամերի օրոք խոսակցությունները երբեմն վերջանում են այն ենթադրությամբ, որ «նախկինում ավելի լավ էր»: Այս հարցերի պատասխանը դեռևս 18-րդ դարում տվել է ֆրանսիացի մտածող Ժան-Ժակ Ռուսսոն, որին կարելի է համարել իրավունքի փիլիսոփայության նախահայրերից մեկը:

Ռուսսոն ծագում էր հասարակ, սակայն բավական կրթված ընտանիքից: Մանկությունից պարուսույց և ժամագործ Իսահակ Ռուսսոյի որդին տարված էր անտիկ միֆերի և լեգենդների ընթերցանությամբ: Պատանեկան տարիներին նա սկսեց աշխատել որպես նոտարի, այնուհետև’ փորագրող վարպետի օգնական: Սակայն նրան շատ խիստ էին վերաբերվում, և այդպիսի կյանքը դուր չէր գալիս երիտասարդին, ով 16 տարեկան հասակում որոշեց թողնել հայրական տունը: Ճակատագրի կամոք նա ստացավ սպասավորի աշխատանք մի ազնվական ընտանիքում, որտեղ նրան վերաբերվում էին որպես ընտանիքի զավակի: Տանտերերը նրա համար վարձեցին ուսուցիչների, որոնք Ռուսսոյին սովորեցրեցին օտար լեզուներ, քերականություն, գրականություն և այլ առարկաներ: Դա երիտասարդին թույլ տվեց ընդլայնել իր աշխարհայացքը և շարունակել կրթվել արդեն ինքնուրույն: Ավելի ուշ նա սկսում է աշխատել որպես դաստիարակ և ուսուցիչ մեկ այլ ազնվական ընտանիքում, իսկ այնուհետև աշխատանքի է ընդունվում որպես Վենետիկում ֆրանսիական պատվիրակ կոմս Մոնտեգյուի անձնական քարտուղար: Ճիշտ է շուտով Ռուսսոն վիճաբանեց կոմսի հետ և անգամ բողոք գրեց նրա դեմ: Այն բանից հետո, երբ նրա միջնորդությունը բավարարվեց, նա ախատանքի անցավ որպես հարկահավաք Ֆրանկելի քարտուղար, որը ծանոթ էր փարիզյան հասարակության սերուցքի հետ: Նրա միջոցով էլ Ռուսսոն ծանոթացավ հայտնի փիլիսոփա Դիդրոյի և նրա ղեկավարած «էնցիկլոպեդիստների» հետ, ովքեր Դիդրոյի մտահղացած «Հանրագիտարանի կամ Գիտության, արվեստի և արհեստի բացատրական բառարանի» հեղինակներն էին: Նրանց գաղափարների ազդեցության տակ Ռուսսոն որոշեց թողնել Ֆրանկելի մոտ աշխատանքը և սկսեց զբաղվել աշխատություններ գրելով: Դիդրոյի և նրա համախոհների հետ ծանոթությունը, ինչպես նաև օրիգինալ միտքն անմիջապես Ռուսսոյին հայտնի դարձրին: Ազնվականները մեծապես շահագրգռված էին ծանոթանալ նրա հետ: Բնականաբար, Ռուսսոն այլևս չուներ հացի խնդիր և հիանալի հնարավորություն ստացավ զբաղվելու իր անմիջական գործով’ փիլիսոփայությամբ: Եվ նրա աշխատանքի գլխավոր արդյունքը եղավ«Հասարակական դաշինքի մասին» աշխատությունը: Ռուսսոն առաջին մտածողը չէր, ով առաջարկեց «Հասարակական դաշինքի» գաղափարը. մինչ այդ այդպիսի մտքեր էին արտահայտել Թոմաս Հոբսը և Ջոն Լոկը: Սակայն հենց Ռուսսոն ստեղծեց հստակ փիլիսոփայական-իրավական համակարգ, որը հետագայում օրինակ հանդիսացավ ժամանակակից աշխարհի սահմանադրական պետությունների համար: Բավական է ասել, որ Ռուսսոյի «Հասարակական դաշինքի» վերաբերյալ գաղափարներն իրենց արտացոլումը գտան ԱՄՆ Անկախության հռչակագրում: Ռուսսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը: Ռուսսոն նաև կարծում էր, որ մինչպետական ժամանակաշրջանում մարդը ձգտում էր հասնել մաքսիմալ բարեկեցության’ հաճախ նաև ի հաշիվ այլ մարդկանց: Սակայն գալիս է մի պահ, երբ հողերի և հարստությունների սահմանափակվածությունը կարող է սպառնալ հասարակական անդորրին: Այդ դեպքում ժողովուրդը կառավարման իրավունքը վերապահում է կառավարությանը’ անվտանգության, անդորրի և քաղաքացիների շահերի պաշտպանության համար: Ընդ որում, ժողովրդի ինքնիշխանությունն անօտարելի է, անբաժանելի և բացարձակ. երբ կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում քաղաքացիների շահերին, ժողովուրդը կարող է փոխել պետության ղեկավարությանն իր կամքով: Այս դրույթները մեծապես համապատասխանում են ժամանակակից «ժողովրդավարություն» հասկացության հատկանիշներին: Ժան-Ժակ Ռուսսոն կանգնած է այնպիսի ինստիտուտների ակունքներում, ինչպիսիք են հանրաքվեն, ժողովրդաիշխանությունը և ժամանակակից հասարակության համար այնքան բնական երևույթ, ինչպիսիք են ժողովրդավարական ընտրությունները: Եվ գլխավորը’ նրա փիլիսոփայությունը հռչակեց արևմտյան աշխարհի սահմանադրությունների կենտրոնական իրավադրույթը’ բարձրագույն ժողովրդաիշխանությունը: