Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը. պետնախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին

Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնում է նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը:

«Ընդհանուր առմամբ նշեմ կարևոր ուղերձները: Լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով:

Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ»,- պետնախարարի ուղերձները փոպանցել է Վահրամ Պողոսյանը:

Նշենք, որ վերջին ամիսներին Արցախում բողոքի ցույցեր էին տեղի ունենում «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհային գործունեության, բարձր սակագների ու Հայաստան-Արցախի ռոումինգի դեմ:

Աղբյուրը՝ Aysor.am