Մոլորակի ամենատարեց կինը նշել է իր 117-ամյակը նախապես

Misao OkawaՄոլորակի ամենատարեց կինը՝ Միսաո Օկավան (Misao Okawa), ով ծնվել է 1898 թվականի մարտի հինգին Օսակայում, նախապես նշել է իր  117-ամյակը․ հայտնում է BBC News-ը։  Տոնական միջոցառումը տեղի է ունեցել մարտի 4 -ին՝ նրա փաստացի ծննդյան օրվա նախօրեին Օսակայի ծերանոցում, որտեղ այժմ ապրում է երկարակյաց կինը։ Թե ինչն է ստիպել կնոջը տարեդարձը նախօրոք նշել, չի հաղորդվում։ Ելույթ ունենալով տոնին՝ Միսաո Օկավան հայտարարել է, որ 117 տարին «այդքան էլ երկար ժամանակաշրջան» չի համարում։ Ծերանոցի անձնակազմը նշել է, որ  վերջին ամիսներին Օկավայի մոտ խնդիրներ են առաջացել լսողության հետ կապված և նա սկսել է ավելի դանդաղ շարժվել, սակայն պահպանում է առողջ միտքը։ Միսաո Օկավան ծնվել է Օսակայի մոտ գտնվող Տենամա գյուղում։  1919 թվականին նա ամուսնացել է և ունեցել երեք երեխա։ 1931 թվականին նա այրիացել է։ Այժմ նա երկու դստրերից և որդուց բացի ունի նաև չորս թոռ և վեց ծոռ։ 2013 թվականին կինը Գինեսի Ռեկորդների գրքում գրանցվել է՝ որպես Երկիր մոլորակում ներկայումս ապրող  ամենատարեց կինը։