Yandex Turbo

Yandex-ի նորարարությունը զայրացրել է ռուսական ցանցի օգտատերերին

Որոնման համակարգերն ու սոցցանցերը, ստանալով գերիշխող դիրք համաշխարհային ցանցում, չեն բավարարվում ցանցում զբաղեցրած դիրքերով․ սոցիալական ցանցերի ու որոնման համակարգերի կողմից ժամանակ առ ժամանակ ներդրվում են նորանոր գործիքներ, որոնք միտված են ավելի կապել օգտատերերին իրենց ծառայություններին և ոչ մի կերպ «բաց չթողնել» նրանց։ Միևնույն ժամանակ համաշխարհային ճանաչում ունեցող Facebook, Google և ռուսական Yandex գիգանտ կազմակերպությունները փորձում են ավելացնել շահույթը՝ սեփական ռեսուրսներում ավելացնելով սեփական գովազդային ռեսուրսներն ու մեծացնել բիզնեսների և օգտվողների կապվածությունը դրանց։

Հետաքրքրական է, որ բոլոր վերոնշյալ ընկերություններն այժմ աշխատում են մի ուղղությամբ, որն առաջին հերթին առնչվում է օնլայն լրատվական դաշտին, հոդվածների հրապարակումներին և դրանց միջոցով ստացվող գովազդային եկամտին։

Նորարարություն Yandex-ի կողմից, որը զայրացրել է շատերին

Օրերս ռուսական Yandex ընկերությունը հայտարարեց մի նորարարության մասին, արի անունն է Yandex Turbo: Այն երկու օրվա ընթացքում արդեն հասցրել է զայրացնել ռուսական ցանցի միլիոնավոր օգտատերերի ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Ինչ է այն իրենից ներկայացնում․ Yandex Turbo—ն ենթադրում է լրատական կայքերի բովանդակության դիտում որոնման համակարգում՝ առանց օրիգինալ ռեսուրս այցելելու։ Այդպիսով Yandex-ը ցանկանում է օգտվողներին ցուցադրել ավելի հեշտ ընթերցվող ու հասանելի նյութեր, որտեղ կցուցադրվեն Yandex-ի գովազդները, այլ ոչ հրապարակող կայքի։

Ռուսական որոնման համակարգի ներկայացուցիչները նշում են, որ այդպիսի նյութերը որոնման արդյունքների էջում կցուցադրվեն հատուկ հրթիռի պատկերակով, ինչը կհուշի, որ տվյալ նյութը հասանելի է առանց կայք այցելելու։ Yandex ընկերությունը հատուկ շեշտում է, որ իրենց հետ համագործակցող ռեսուրսներն առավելություն կստանան նաև որոնման համակարգի արդյունքների էջում։ Հենց վերջինս առավել շատ է զայրացրել մեդիայի և մարքետինգի ոլորտի ներկայացուցիչներին։

Ռուսաստանցի մեդիամենեջեր Դեմյան Կուդրյավցևի խոսքով Yandex-ն այսպիսով խոչնդոտում է անկախ լրատվականների առաջխաղացմանը՝ թույլ չտալով գովազդի վաճառքից ստանալ եկամուտ։

Անկախ լրատվականներից վերցնելով հնարավոր եկամտի աղբյուրները՝ դուք ավտոմատ խրախուսում եք կախյալ մեդիաներին, որոնք չեն մարտնչում գովազդի համար։ Եթե ուզում եք լինել կոմերցիոն տեսանկյունից ոչ էֆեկտիվ քոփիփեսթերների ագրեգատո՞ր, ուրեմն կլինեք,— մեջբերում է seonews.ru-ն։

Yandex Turbo-ի ղեկավար Իվան Սմիրնովն իր հերթին նշում է, որ տուրբո էջերը կլինեն շարժական սարքերի համար կայքերի դասակարգման գործոններից մեկը՝ կապված էջի ներբեռնման արագության հետ։

Մենք կշարունակենք հետևել Yandex-ի զարգացումներին և ներկայացնել վերջին թարմացումները։